Վիլիկ  Զաքարյան
Անհատական  ստեղծագործություններ
 
 

 

 

Ծնվել է 1952 թվականին: 1975-ին ավարտել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտը: 1984-ից  Հայաստանի նկարիչների միության, իսկ 1996-ից` UNESCO-ի պրոֆեսիոնալ նկարիչների միության անդամ է: Դասավանդում է Երևանի Գեղարվեստի պետական ակադեմիայում, ունի պրոֆեսորի կոչում: Վիլիկ Զաքարյանի ստեղծագործությունները գտնվում են աշխարհի տարբեր երկրների մասնավոր հավաքածուներում, ինչպես նաև ՀՀ Ազգային պատկերասրահի ֆոնդում:

 

Վիլիկ Զաքարյանն արդի հայ կերպարվեստի այն ներկայացուցիչներից է, ովքեր տասնամյակներով ստեղծել են իրենց ոճը՝ որպես արդյունք շրջապատող աշխարհի հետ հարաբերվելու իրենց կերպի և գեղարվեստական ինքնօրինակ մտածողության։

Դիտում ես Վիլիկի վրձնած կտավները և համոզվում, որ կոմպոզիցիայի ակնհայտ վարպետ է նա։ Գրավում է ծավալների ռիթմը, լուսային խաղը, սովորական ներկի գեղանկարչական գույն դառնալու մոգական ընթացքը։ Հատկապես տպավորում են գծի ու գույնի փոխներթափանցման հետաքրքիր զուգորդումները, դրանց ձույլ միասնությունը և ընդհանուր կատարման բարձր կուլտուրան։ Նրա գիծն իմաստակիր է ու ընդհանրացած։ Երբեմն այն ոչ թե նախորդում, այլ հաջորդում է գույնին՝ ասես ծնվելով վերջինիցս և ազատ ճախրանքով ու քմահաճ պտույտներով պարագծելով  նկարի ողջ մակերեսը։

Ընդհանրացումների ձգտող նկարիչը հաճախակի է օգտագործում զանազան սիմվոլներ և երկրաչափական մարմինների գծապատկերներ՝ մեխեր, եռանկյունիներ, հատակագծեր, սլաքներ և այլն։ Միաժամանակ, համադրելով առաջին հայացքից անհամադրելի թվացող առարկաներ և դիմելով պայմանական այլ միջոցների, նա այլաբանական պատկերներ է վրձնում՝ յուրաքանչյուր առարկայի մեջ խտացնելով որևէ իմաստ։ Հետաքրքիրն այն է, որ խախտված համամասնությունները ոչ միայն դիսոնանս չեն առաջացնում, այլև հնչում են ներդաշնակ ստեղծելով ակնահաճո ու առինքնող մի միջավայր, գեղարվեստորեն հագեցած տարածություն։ Ընդ որում, վերջինս գրեթե միշտ «ընդմիջվում» է շախմատային տախտակ հիշեցնող քառակուսիների պատկերումներով։

Բանն այն է, որ իմաստուն այդ խաղը նկարչի համար նախևառաջ սևի ու սպիտակի, չարի ու բարու հավերժական պայքարի խորհրդանիշ է։ Վերջինս հաճախ է իր շուրջը խմբում Վիլիկի պերսոնաժներին, որոնք միմյանց նման լինելով հանդերձ՝ ամեն անգամ հանդես են գալիս տարբեր միջավայրերում ու տարբեր հանդերձավորմամբ, մերթ զրուցում են, մերթ՝ բազմանշանակ լռում։ Վիլիկի կերպավորած հերոսուհիները, որպես կանոն, չունեն հստակ արտահայտված դիմագծեր։ Ունեն, սակայն, արտահայտիչ հայացք, խորը քնարականություն և տրամադրություն հաղորդող ներքին ուժ։

Բազմաթեմա ու բազմաժանր է Վիլիկ Զաքարյանի ստեղծագործությունը։ Նկարչին հետաքրքրում են առասպելական-դիցաբանական սյուժեներից մինչև մեր օրերի հրատապ թեմաները։ Դրանք հաճախ արտահայտվում են նկարաշարերով, որոնց մաս կազմող նկարները միավորվում են ոչ միայն արտաքին չափսերով ու կոմպոզիցիոն կառուցվածքով, այլև նույն թեմայի շարունակական արծարծումներով ու մեկնաբանություններով։ Անշուշտ, ասելիքի առատությունը, ինչպես նաև բազում խնդիրների առաջադրումն են ծնում նման շարքեր՝ դրանց լուծումների որոնումը «բաշխելով» նկարից նկար։ Այդ հանգամանքն է թերևս պայմանավորել նաև Վիլիկի նկարներին բնորոշ բազմապլանայնությունը։ Կտավի նույն մակերեսին տարբեր հարթություններով ընթացող ու ծավալվող գործողություններ են՝ կապակցված միևնույն թեմայով։ Գրաֆիկական շատ կոմպոզիցիաներում, նաև գեղանկարներում կարելի է պատկերված տեսնել հեղինակի մտքի ընթացքը, որը դիպաշարի տեսքով  տողանցում է նայողի հայացքի առջևով։

Վիլիկ Զաքարյանը վաղուց ի վեր իրեն հաստատած և իր «աշխարհն» ու ոճը գտած նկարիչ է։ Այդուհանդերձ շարունակում է որոնել և գտնել նոր արտահայտչաձևեր ու միջոցներ։ Արտասահմանյան ներկանյութերից, օրինակ, տարիներ առաջ նա մշակեց կատարման յուրօրինակ եղանակ, որով ստեղծեց գրաֆիկական դիտարժան թերթեր։ Այդ որոնումները նրան բերին-հասցրին նաև ծավալային նկարչության ինքնատիպ դրսևորումների, երբ կտավի մակերեսը շարունակություն է գտնում ստվարաթղթից կամ մեկ այլ նյութից պատրաստված հարակից ծավալներում կամ էլ մի քանի տարաչափ կտավներից կազմվում ամբողջական մի նկար։

Վիլիկի նման արվեստագետի համար Աստծո պարգևած յուրաքանչյուր օր լավագույն առիթ  է՝ կերտելոււ արվեստի նորանոր ստեղծագործություններ։ Դրանք մերօրյա բազում դժվարությունների արտացոլանքը լինելով հանդերձ՝ երկրային այս կյանքի անցողիկ ակնթարթները գնահատելու ու արժևորելու խորհուրդ են կրում իրենց մեջ։

Միաժամանակ կարծես գալիս են հաստատելու այն ճշմարտությունը, թե կյանքը գեղեցիկ ապրելու  համար  ինքդ պիտի այն գեղեցկացնես։ Ինչն էլ, իր ստեղծագործությամբ անում է Վիլիկ Զաքարյանը՝ գեղոցկացնոլով  ոչ միայն իր, այլև իր արվեստի բազում երկրպագուների կյանքը։

Լևոն Լաճիկյան

Գեղագետ, արվեստաբան